Բայ

Դիմավոր և անդեմ ձևեր

Բայ խոսքի մասի մեջ միավորվում են այն բառերը, որոնք արտահայտում են
գործողություն, օրինակ՝ գրել, վազել, կառուցեցին, կարդում եմ, խաղաց և այլն։
Գործողության, ընթացքի գաղափարը բայերն արտահայտում են իրենց բնորոշ
քերականական կարգերով։ Դրանք են սեռի, եղանակի, դեմքի, թվի, ժամանակի
կարգերը։ Սակայն ոչ բոլոր բայաձևերն ունեն այս բոլոր կարգերը։ Ըստ այս կարգերի դրսևորման՝ բայը խոսքում գործածվում է երկու ձևով՝ դիմավոր և անդեմ։
Անդեմ ձևերն ունեն սեռի կարգ, իսկ դիմավոր ձևերը՝ նաև մյուս կարգերը,
օրինակ՝ գրել, գրած բայերն անդեմ են, որովհետև պարզ չէ նրանց դեմքը,
այսինքն՝ գործողության և կատարողի հարաբերությունը, իսկ գրում եմ, կգրես
բայերը դիմավոր են, քանի որ հասկանալի է, որ գրում եմ ես, կգրես դու։
Բայի անդեմ ձևերը կոչվում են դերբայներ։ Ժամանակակից հայերենում կա
ութ դերբայ։

Դերբայը ե խոնարհման ա խոնարհման
անորոշ նկարել կարդալ
ենթակայական նկարող կարդացող
հարակատար նկարած կարդացած
համակատար նկարելիս կարդալիս
անկատար նկարում կարդում
վաղակատար նկարել կարդացել
ապակատար նկարելու կարդալու
ժխտական նկարի կարդա

Անորոշ դերբայը կազմվում է -ել կամ -ալ վերջավորություններով։ Ըստ դրա՝ բայերը լինում են -ե խոնարհման (կամ լծորդության) և -ա խոնարհման։
Անորոշ, ենթակայական, համակատար, հարակատար դերբայները կարող են
բառակապակցության և նախադասության մեջ հանդես գալ որպես առանձին անդամ, օրինակ՝ վազող երեխա, նկարող մարդ, փորագրված նախշ, կարդալ գիրքը։ Այս դերբայները կոչվում են անկախ։
Անկատար, վաղակատար, ապակատար, ժխտական դերբայները գործածվում են միայն օժանդակ բայերի հետ՝ կազմելով եղանակային ժամանակաձևեր և
նախադասության մեջ գործածվելով միայն որպես ստորոգյալներ, օրինակ՝ գրում
եմ, կարդացել եմ, կարդալու եմ, չեմ կարդա։ Այս դերբայները կոչվում են կախյալ կամ ձևաբայեր:

Բայերի կազմությունը

Բայերն իրենց կազմում կարող են ունենալ ածանցներ, որոնք
կոչվում են բայածանցներ։
Բայածանցներն են՝
սոսկածանցներ (ան, են, ն, չ –հեռանալ, մոտենալ, գտնել, թռչել),
պատճառական ածանցներ (ացն, եցն, ցն –հեռացնել, մոտեցնել, թռցնել), բազմապատկական ածանցներ (ատ, ոտ, կոտ, տ –կտրատել, ջարդոտել, թռչկոտել, պատռտել),
կրավորական ածանց (վ — գրվել)։
Ածանցավոր են համարվում միայն այն բայերը, որոնց կազմում կա բայածանց։
Օրինակ՝ արտանկարել բայը կազմված է արտ- նախածանցից, նկար արմատից և անորոշ դերբայի -ել վերջավորությունից։ Այն ածանցավոր բառ է, բայց ածանցավոր բայ չի համարվում, որովհետև իր կազմում բայածանց չունի։ Բայերի կազմությունը որոշվում է անորոշ դերբայով, որովհետև բայի որոշ ձևերում ածանցներն ընկնում են։ Օրինակ՝ գտել է բայն ածանցավոր է, քանի որ անորոշում ունի
ն սոսկածանցը՝ գտնել։
Կան հարադիր բայեր, որոնց բաղադրիչները գրվում են առանձին, օրինակ՝
ծափ տալ, դուր գալ։ Սրանք բարդ բառեր են, բայց որպես բայ՝ նրանց կազմությունը ևս որոշվում է բայածանցի առկայությամբ, օրինակ՝ վեր թռչել, գլխի
ընկնել բայերը սոսկածանցավոր են, իսկ ձեռք բերել, հանկարծակիի գալ բայերը՝
պարզ, որովհետև բայածանց չունեն։
Պատճառական բայեր, բացի ացն, եցն, ցն ածանցներից, կարող են կազմվել
նաև տալ բայի հարադրությամբ, օրինակ՝ գրել տալ, վազել տալ։

Գործնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։
1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային
բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ
նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած
բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թողնելու փորձ չարին։
2. Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ
քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը
բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ
դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին
շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են
շարժվում դեպի ծանծաղուտը։

2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել

Оставьте комментарий